«Էներգիայով լի մայրության գաղտնիքը» այլևս բացահայտված է և մանրամասն նկարագրված այս հետաքրքիր, պարզ, հասկանալի լեզվով գրված գործնական գրքում, որը Դուք ընթերցելու եք մեկ շնչով, սակայն պարբերաբար վերընթերցելու և կիրառելու եք գրվածը, հետ ու առաջ եք անելու, նշումներ կատարելու՝ բացահայտելով նորանոր հնարավորություններ և անձնային որակներ։ Հետաքրքրականն այն է, որ ընթերցանության ողջ ընթացում այնպիսի տպավորություն ես ունենում, թե հեղինակը նստած է քո առջև և զրուցում է քեզ հետ, կիսվում գիտելիքներով և ինչը շատ կարևոր է, իր անձնական փորձով։ Սա մի տեսակ մտերմիկ ու շատ ջերմ զգացողություն է առաջացնում ու պարզ ցույց է տալիս, որ գրքում անիրատեսական գեղեցիկ տողեր չեն գրված, այլ ապրված, հղկված գիտելիքներ, որոնք անցել են սխալների ուղղման ճանապարհով ու մատուցվում են արդեն պատրաստի տարբերակով, որպեսզի մյուսները ավելի հեշտ ու թեթև անցնեն այդ փուլերը։ Գիրքը շատ կօգնի բացահայտելու Ձեր բոլոր գաղտնի ռեսուրսները, որոնց մասին հնարավոր է գաղափար անգամ չունեք, բայց դրանք կան, հավատացե՛ք։ Ուղղակի պետք է ճիշտ ուղեցույց, քայլերի հաջորդականություն, որոշակի հմտություններ ու կենտրոնացում առաջնահերթությունների վրա։ Ամեն բան կա այստեղ, թե՛ մեթոդները, թե՛ հնարքները, թե՛ առաջնահերթությունների հստակ սահմանումն ու ընդգծումը։ Իսկ գաղտնազերծման քարտեզի մասին շատ չեմ խոսի, որովհետև Դուք ինքներդ նախ կգտնեք ձեզ այդ քարտեզի վրա, կտեսնեք, թե որ կետում եք և ապա գաղտնազերծելով առաջ կշարժվեք դեպի երջանիկ ծնողավարություն և ինքնախնամք։
Անգելինա Ալեքսանյան
«Ընտանեկան խորհրդատվության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ, ընտանեկան խորհրդատու