Այս ձեռնարկը կարդալու առաջին էջերից մտածում եմ՝ ինչ լավ է, որ նման գիրք է լույս տեսնում: Ապագայում հղիություն, ծննդաբերություն պլանավորող այցելուներիս կկարողանամ առաջարկել հայալեզու նման աշխատություն կարդալ: Հղիությունն ու ծննդաբերությունը, որքան բնական, այնքան էլ անորոշություններով, տագնապներով լի ու հաճախ իրարամերժ զգացումներով ընթացք են կնոջ, զույգի, ընտանիքի համար: Կինն այս ընթացքում շատ զգայուն ու խոցելի է արտաքին ազդակների, իրեն հասնող հաճախ գիտահենությունից զուրկ պնդումների, միֆերի, հնարավոր վտանգների նկատմամբ, և, հատկապես, առաջին հղություն պլանավորող կինը:Էլենը դիպուկ ընտրել ու անդրադարձել է թերևս ամենահաճախ խնդիրների առիթ հանդիսացող թեմաների, օգնում է նախ պարզաբանել, ապա դրանց հետ գործ ունենալու տարբերակներ առաջարկում: Այս գրքում Դուք կտեսնեք բազմաթիվ միֆերի, աղճատված պնդումների, մեղքի զգացում առաջացնող մեսիջների հետ Էլենի պարզ, հողակցող, հոգատար աշխատանքը: Կուզեմ միայն իմ կողմից էլ ավելացնել, որ մեր բոլորի ծնողության ճանապարհները տարբեր են, երեխաները, շրջապատող մարդիկ ու իրադարձությունները՝ նույնպես: Ձեր փորձը, հնարավորությունները այլ են, մյուսներինը՝ այլ։ Կարևոր է հիշել, որ Ձեր երեխան չունի իդեալական ծնողների կարիք։ Իդեալական ծնողներ ուղղակի չկան: Ձեր երեխային երջանկության ու ապահովության համար լրիվ հերիք է, եթե Դուք կարողանում եք հիմնականում հասանելի լինել, նկատել, հոգալ ու սիրել իրեն: Եվ ամենակարևորը․ վերևում նշվածը հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ Դուք, նախ և ընդհանրապես, հնարավորությունների սահմանում հոգ տանեք ձեր մասին․ այն, ինչի շուրջ հեղինակը կարմիր մեծ գծով տանում է այս գրքում։