բայց այդ ամենի մեջ ես բոլորովին մոռացել էի իմ մասին, ինչպես այն բոլոր հեղինակները, որոնց ուղեցույցները կարդում էի։ Ամենակարևոր բանը, որ անում է Էլենը այս գրքում հայացքը երեխայից մոր կողմ ուղղելն է, ընդ որում՝ նրա ողջ գիրքը իր իսկ բերած անալոգիայի հավաստումն է, ըստ որի՝ օդանավում թթվածնային դիմակը առաջինը պետք է ինքդ քեզ դնես, հետո միայն երեխայիդ։ Սա ռեսուրսային մայրիկի մանիֆեստ է, ինչի շնորհիվ գոհ ու երջանիկ է լինում ոչ միայն մայրիկը, այլև ողջ ընտանիքը։ Էլենն այստեղ զարմանալիորեն կարողացել է ներառել տան կնոջն ու մայրիկին անհրաժեշտ ամեն ինչ՝ կենցաղավարությունից մինչ օրգանիզացիա, միջսերնդային կոնֆլիկտներից մինչ սերունդների մտածողության տարբերություններ, ինքնախնամքի կարևորությունից մինչ հաղորդակցման բացեր, համբերության դերից մինչ ժամանակի կառավարում, հետծննդաբերական դեպրեսիայից մինչ ազատում դրանից։ Ինձ շատ հիացրեց ու կաշառեց այն, որ Էլենն հաճախ խոսում է իր սեփական օրինակով, այսինքն՝ չի կաշկանդվում խնդիրը ներկայացնել առաջին դեմքով, ինչը ոչ միայն թույլ է տալիս ասոցացվել նրա հետ, այլև հնարավորություն է ընձեռում ոչ թե վերացարկված, այլ մեր մշակույթին ու մտածողությանը մոտ օրինակներով ավելի հեշտ ընկալել ասելիքը։ Ներկայացված նյութը շատ հագեցած է, գրված է պարզ ու հասկանալի լեզվով։ Կարդացվում է մեկ շնչով․չես կարողանում կտրվել ընթերցանությունից, մինչև չես ավարտում։ Կարծում եմ, որ այս գիրքը ժամանակ առ ժամանակ վերընթերցելու ու նորանոր գործիքներ ու գաղտնիքներ կյանքիդ մեջ մտցնելու համար է։ Հիացմունքով ու երախտագիտությամբ հաջողություն եմ մաղթում այս մարդանվեր ձեռնարկին, որովհետև այս գիրքն ունակ է փոխել ոչ միայն մայրերի, այլև ընտանիքի բոլոր անդամների կյանքերը։
Տաթև Հովսեփյան
Բանասեր-գրականագետ, ՍՄՄ մասնագետ